«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կիսվել է իր հույզերով՝ տևական դադարից և բժշկական միջամտությունից հետո խաղադաշտ վերադառնալու կապակցությամբ։
Իսպանիայի առաջնության «Սևիլիայի» դեմ խաղում (5:2) 21-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 92-րդ րոպեին։ Նախքան այս նա վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել 2025 թվականի օգոստոսի 23-ին՝ «Լևանտեի» դեմ հանդիպման ժամանակ (3:2)։
«Սա շատ բարդ էր, շատ ավելի բարդ, քան նախորդ անգամ։ Դա ամենացավոտ գործընթացն էր, և առօրյա կյանքում ինձ համար ավելի դժվար էր։ «Կամպ Նոուի» մթնոլորտը զգալը՝ իմ մարդկանց, երկրպագուների կողքին, պարզապես աննկարագրելի է, ես շատ երջանիկ եմ։ Հանսի Ֆլիկը միշտ կողքիս է եղել՝ հոր պես։ Ես նրան շատ երախտապարտ եմ. նա միշտ հավատացել է ինձ»,- Գավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին Գավին աջ ծնկի արթրոսկոպիայի էր ենթարկվել՝ մենիսկի վնասվածքի բուժման նպատակով։ Այդ պատճառով նա բաց է թողել իր թիմի 40 հանդիպում։ 2025/26 մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանի ակտիվում առայժմ կա մեկ գոլային փոխանցում՝ անցկացրած երեք խաղում։



























































