Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ապաքինման ընթացքի մասին։
Մադրիդցիների գլխավոր մարզիչը հույս ունի, որ հարձակվողը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղին։
«Օրեցօր նրա վիճակը բարելավվում է։ Ապաքինումն ընթանում է ըստ պլանի։ Մենք ծրագիր ենք մշակել, բայց ամեն ինչ կախված է նրա առաջընթացից. կարծում եմ՝ նա շատ լավ է հաղթահարում այս շրջանը։ Վաղը նա չի կարողանա խաղալ [«Էլչեի» դեմ], սակայն ակնկալում եմ, որ նա կմեկնի Մանչեսթեր։
Հավաքականների խաղերով պայմանավորված դադա՞րը. դրան դեռ շատ կա։ Ես ցանկանում եմ, որ նա կարողանա մեկնել Մանչեսթեր։ Կտեսնենք վաղը և կիրակի, երբ վերջնական որոշում կկայացնենք։ Հուսանք՝ նա ընդգրկված կլինի հայտացուցակում, ինչպես նաև կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ [մարտի 22-ին]։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հավաքականին, պարզ կլինի, երբ ժամանակը գա»,- Արբելոայի խոսքն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը, որում «սերուցքայինները» 3։0 հաշվով ջախջախել էին «քաղաքայիններին»։
























































