Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ապագան ակումբում շարունակում է անորոշ մնալ։ Գերմանացի մասնագետի ճակատագիրը մեծապես կախված է ակումբի նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնք կկայանան մարտի 15-ին։
Ինչպես հայտնում է հայտնի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցի իր էջում, 61-ամյա Ֆլիկը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, սակայն միայն այն դեպքում, եթե Ժոան Լապորտան վերընտրվի նախագահի պաշտոնում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը սիրում է Բարսելոնա քաղաքը, ակումբն ու երկրպագուներին և իրեն շատ հարմարավետ է զգում այնտեղ։ Այնուամենայնիվ, նա իր ապագան կապում է անձամբ Լապորտայի հետ և ցանկանում է հենց նրա հետ միասին կառուցել ու ձևավորել թիմի ռազմավարությունը։ Եթե մարտի 15-ին նախագահի պաշտոնը ստանձնի այլ թեկնածու, ապա Ֆլիկի հեռանալը միանգամայն հավանական է դառնում. նա կարող է լքել «Կամպ Նոուն» կա՛մ արդեն այս ամռանը, կա՛մ 2027 թվականին, երբ կավարտվի նրա գործող պայմանագրի ժամկետը։
Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականին՝ այդ պաշտոնում փոխարինելով Չավի Էռնանդեսին։ Ներկայումս «կապտանռնագույնները» հիանալի մրցաշրջան են անցկացնում. Իսպանիայի Լա Լիգայի 26 խաղից հետո «Բարսելոնան» վաստակել է 64 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով Մադրիդի «Ռեալին»։
























































