«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դիմել է կատալոնական ակումբի երկրպագուներին՝ կոչ անելով աջակցել թիմին Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք պատասխան խաղում: Հանդիպումը տեղի կունենա առաջիկա երեքշաբթի՝ մարտի 3-ին։
Կատալոնացիները բավականին բարդ իրավիճակում են հայտնվել, քանի որ Մադրիդում կայացած առաջին խաղում խոշոր՝ 0-4 հաշվով պարտություն են կրել: Այնուամենայնիվ, «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչը հավատում է թիմի ուժերին և կարևորում է երկրպագուների գործոնը։
«Մենք ցանկանում ենք, որ երեքշաբթի բոլոր երկրպագուները ներկա գտնվեն մարզադաշտում: Մենք պայքարելու ենք միասին: Մենք մարտնչելու ենք 90 րոպե կամ նույնիսկ ավելի: Մենք պետք է փորձենք մեր ուժերը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կստացվի»,- նշել է Ֆլիկը։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 28-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության շրջանակներում սեփական հարկի տակ վստահ՝ 4-1 հաշվով հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ: Ներկայումս կատալոնական ակումբը գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։

























































