Մադրիդի «Ռեալը» սկսել է ակտիվորեն ծրագրել հաջորդ մրցաշրջանի կազմը՝ դիտարկելով պաշտպանության աջ եզրի թարմացման տարբերակներ։
Ըստ իսպանական Marca պարբերականի՝ «արքայական» ակումբը մտադիր է երկրորդ թիմի պաշտպան Դավիդ Խիմենես Կորեդորին հրավիրել հիմնական կազմ՝ որպես փորձառու Դանիել Կարվախալին փոխարինող։
Թեև թիմի ավագ Կարվախալը վերջերս հաշտվել է գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ, նրա ապագան «Սանտյագո Բեռնաբեուում» մնում է մշուշոտ։ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է առաջիկա ամռանը, և ղեկավարությունը դեռևս չի շտապում երկարաձգել այն։
Մադրիդյան գրանդի ռազմավարությունն այս պահին հետևյալն է. Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը դիտարկվում է որպես հիմնական աջ պաշտպան, իսկ երիտասարդ Խիմենեսը վերջնականապես կտեղափոխվի առաջին թիմ՝ ապահովելու մրցակցությունն ու փոխարինումը։ Խիմենեսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, սակայն ակումբը ծրագրում է առաջիկա ամիսներին բանակցություններ սկսել նոր, բարելավված համաձայնագրի շուրջ։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Կարվախալը դժգոհ է իր խաղաժամանակից, իսկ Արբելոայի և ավագի հարաբերությունները բավականին սառն են եղել։
Կարվախալը «Ռեալի» գույները պաշտպանում է 2013 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 436 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է ընդամենը 10 հանդիպում՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
























































