Եզրային հարձակվող Մաքս Դաումենը նախնական պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ։ Նշենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստը ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Մաքս Դաումենը ստորագրել է նախնական պայմանագիր, որը նրան հնարավորություն կտա կնքել պրոֆեսիոնալ համաձայնագիր դեկտեմբերին՝ 17 տարեկանը լրանալուն պես։
Մաքսը մեր ակադեմիային միացել է ութ տարեկանում և արագորեն սկսել է գրանցել ռեկորդներ պատանեկան մակարդակում՝ անցնելով Հեյլ Էնդի դպրոցը։ Նա մինչև 18 տարեկանների թիմում նորամուտը նշել է ընդամենը 13 տարեկանում, իսկ 14 տարեկանում դարձել է ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգայի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։

Մաքսը հավասարապես արդյունավետ է գործում ինչպես հարձակվողական ոճի կիսապաշտպանի, այնպես էլ եզրային հարձակվողի դիրքերում։ Նրա տեխնիկան, խաղադաշտը տեսնելու ունակությունն ու ունիվերսալությունը նրան դարձնում են Անգլիայի ամենավառ երիտասարդ տաղանդներից մեկը։
Ամռանը Մաքսը կստանա ակումբի կրթաթոշակառուի կարգավիճակ։ Մինչ այժմ նա մեր ակադեմիայի U18 և Մ21 թիմերի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 27 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ»,– նշված է «Արսենալի» պաշտոնական հայտարարության մեջ։
Ընթացիկ մրցաշրջանում Դաումենը «զինագործների» գլխավոր թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է հինգ հանդիպման։
























































