«Չելսիի» առաջատար կիսապաշտպան Քոուլ Պալմերը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։
Թեև ֆուտբոլիստն այս մրցաշրջանում առանցքային դեր է խաղում լոնդոնյան ակումբում, սակայն վնասվածքները և հարազատ քաղաքի հանդեպ կարոտը կարող են հանգեցնել ակումբի փոփոխության։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ անգլիացի ֆուտբոլիստը ցանկություն ունի վերադառնալ հայրենի Մանչեսթեր, ինչն էլ հավանական է դարձնում նրա տեղափոխությունը «կարմիր սատանաների» ճամբար։
Պալմերը բաց է թողել Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումը։ Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Չելսիի» գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենյորը պարզաբանել է, որ որոշումը կայացվել է զուտ նախազգուշական նկատառումներից ելնելով, քանի որ նախորդ հանդիպումից հետո ֆուտբոլիստն անհարմարություն է զգացել։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին լոնդոնյան գրանդի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։

























































