«Բենֆիկայի» նախկին կիսապաշտպան, ներկայումս «Ռոսարիո Սենտրալի» գույները պաշտպանող Անխել Դի Մարիան խոստովանել է, որ մինչև իր առաջին տեղափոխությունը տեղեկություն չի ունեցել Պորտուգալիայի աշխարհագրական դիրքի և լեզվի մասին։
Marca-ն, հղում անելով Telefé-ին, մեջբերում է արգենտինացու խոսքերը.
«Դա բարդ որոշում էր։ Երբեք չես կարող իմանալ, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի։ Երբ ինձ զանգահարեցին, ես նույնիսկ չգիտեի՝ որտեղ է գտնվում Պորտուգալիան, թեպետ հիմա շատ եմ սիրում Լիսաբոնը։
Ես տեղյակ չէի անգամ, որ այնտեղ պորտուգալերեն են խոսում։ Ինձ բացատրեցին, որ դա երկրի լավագույն ակումբն է, մեծ թիմ, որն ունի Չեմպիոնների լիգային մասնակցելու փորձ։ Դա տպավորիչ էր»։
Հիշեցնենք, որ Դի Մարիան «Ռոսարիո Սենտրալից» «Բենֆիկա» էր տեղափոխվել 2007 թվականին և այնտեղ հանդես եկել մինչև 2010 թվականը։ Նա լիսաբոնյան ակումբ վերադարձավ նաև կարիերայի մայրամուտին՝ պաշտպանելով թիմի գույները 2023-ից 2025 թվականներին։




























































