Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի բացառում ակումբից հեռանալու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Football Espana-ն՝ հղում անելով El Periodico-ին։
Ֆուտբոլիստի նման տրամադրվածության պատճառը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում նրա շուրջ ստեղծված լարված մթնոլորտն է։ Վերջին խաղերում «արքայական ակումբի» երկրպագուների մի մասը սուլոցներով է դիմավորել բրազիլացուն։ Սա առավել ակնհայտ է դարձել Լա Լիգայի 20-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ հաղթական խաղում (2:0), երբ Վինիսիուսի՝ գնդակով կատարած գրեթե յուրաքանչյուր գործողություն արժանացել է տրիբունաների դժգոհությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո ֆուտբոլիստն իր մտերիմ շրջապատի հետ զրույցում հայտարարել է. «Չեմ ցանկանում խաղալ այնտեղ, որտեղ ինձ չեն սպասում»։ Այս խոսքերն ընկալվել են որպես ազդանշան, որ խաղացողը պատրաստ է դիտարկել մադրիդյան ակումբը լքելու տարբերակը։
Նշվում է, որ Վինիսիուսի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Երկարաձգման բանակցությունները ներկայումս դադարեցված են, քանի որ կողմերը չեն հասել համաձայնության։
Հիշեցնենք, որ ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր նրա նկատմամբ Սաուդյան Արաբիայի ակումբների հետաքրքրության մասին։

























































