Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խախտել է լռությունը՝ մեկնաբանելով նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ ենթադրյալ լարված հարաբերությունների մասին շրջանառվող լուրերը։
Մարզչի պաշտոնանկությունից կարճ ժամանակ անց մամուլում տեղեկություններ էին տարածվել թիմի ներսում տեղի ունեցած պառակտման մասին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ֆուտբոլիստների մի մասը սատարել է Ալոնսոյին, մինչդեռ մյուսները, որոնց թվում նշվում էր նաև Բելինգեմի անունը, լարված հարաբերությունների մեջ են եղել նրա հետ։
«Մինչ այժմ ես անընդհատ աչք էի փակում այդ ամենի վրա՝ կարծելով, թե ժամանակի ընթացքում ճշմարտությունն ինքնին կբացահայտվի։ Սակայն, անկեղծ ասած, ես հոգնել եմ հանդուրժել այդ անհեթեթությունը։ Անկեղծորեն ցավում եմ նրանց համար, ովքեր հավատում են այդ ծաղրածուների և նրանց «աղբյուրների» յուրաքանչյուր բառին։ Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք», — Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոյի հեռանալուց հետո թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է Ալվարո Արբելոան, որը նախկինում աշխատում էր «սերուցքայինների» երկրորդ թիմում։

























































