Եվրոպա լիգայի շրջանակում կայացած «Ասթոն Վիլա» — «Յանգ Բոյս» հանդիպումը ստվերվել է շվեյցարական ակումբի երկրպագուների ագրեսիվ պահվածքով և զանգվածային անկարգություններով։ Միջադեպի հետևանքով տուժել է տանտերերի հարձակվող Դոնիել Մալենը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Իրավիճակը լարվել է խաղի 27-րդ րոպեին, երբ Մալենը բացել է հաշիվը։ Գոլը տոնելու նպատակով անկյունային դրոշակին մոտեցած ֆուտբոլիստը հյուրերի տրիբունայի կողմից թիրախավորվել է․ նրա ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, այդ թվում՝ բաժակներ և շշեր։ Դրանցից մեկը դիպել է 26-ամյա խաղացողի գլխին։ Չնայած ստացած վնասվածքին՝ Մալենը շարունակել է պայքարը և 42-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձել։ Երկրորդ գոլը տոնելիս նա կրկին թիրախավորվել է, սակայն այս անգամ պահպանել է անվտանգ հեռավորություն։


Մարզադաշտում կրքերն ավելի են բորբոքվել, երբ «Յանգ Բոյսի» ծայրահեղական երկրպագուները սկսել են պոկել նստարանները և նետել դեպի ստորին շարքերը, որտեղ գտնվել են նաև երեխաներ։ Թեև հեռարձակող TNT Sports ընկերությունը եթերում չի ցուցադրել այդ կադրերը, հայտնի է դարձել, որ ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել՝ կարգուկանոնը վերականգնելու համար։

Շվեյցարական թիմի ավագ Լորիս Բենիտոն և պաշտպան Ժաուեն Հաջամը փորձել են մոտենալ տրիբունային և հանդարտեցնել երկրպագուներին, սակայն՝ ապարդյուն։ Հանդիպումը դադարեցվել է մոտ 4.5 րոպեով, մինչև իրավիճակը փոքր-ինչ կայունացել է։
Հատկանշական է, որ սա «Յանգ Բոյսի» երկրպագուների մասնակցությամբ առաջին միջադեպը չէ։ Վերջին ամիսներին նրանք աչքի են ընկել վատ վարքագծով. սեպտեմբերին հարձակվել էին ոստիկանների վրա Շվեյցարիայի Արաու կայարանում, իսկ հոկտեմբերին ներխուժել խաղադաշտ՝ վիճաբանելու սեփական թիմի ֆուտբոլիստների հետ։




























































