«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ընտրանու նկատմամբ տարած գերվստահ հաղթանակը (9։1)։
Ֆերնանդեշը նշեց, որ թիմը փորձել է համոզիչ խաղալ և վերահսկել խաղը, և այս անգամ պորտուգալացիներին հաջողվել է հասնել իրենց նպատակներին։ 31-ամյա կիսապաշտպանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ Հայաստանի հավաքականի դեմ խաղում։
«Մենք միշտ ցանկանում ենք հաղթել նույն ձևով՝ վստահորեն և խաղի նկատմամբ վերահսկողություն ունենալով։ Դա միշտ չէ, որ այդպես է ստացվում, սակայն այսօր մենք արդյունավետ էինք և կարևոր հաղթանակ տարանք։ Ամենակարևորը արդյունքն է, և սա այն է, ինչին մենք ձգտում էինք։ Մենք արեցինք դա, մենք աշխարհի առաջնությունում ենք», — ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պորտուգալիան 13 միավորով ապահովեց իր տեղը 2026 թվականի աշխարհի առաջնությունում՝ որակավորման F խմբում զբաղեցնելով առաջին տեղը, իսկ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով եզրափակեց խումբը։




























































