«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հարցազրույց է տվել noticiasaominuto.pt -ին՝ խոսելով գալիք հանդիպման՝ Պորտուգալիա – Հայաստան դիմակայության մասին։ Անդրադարձել է նաև իր մարզչական կարիերային։
«Պորտուգալիան այլ մակարդակի վրա է Հայաստանի հավաքականի հետ համեմատությամբ։ Պորտուգալացիները թոփ մակարդակի ֆուտբոլիստներ ունեն, հատկապես եթե խոսում ենք կիսապաշտպանական գծի խաղացողների մասին, նրանք բոլորը գերաստղեր են։ Միաժամանակ պետք է նշել, որ Հայաստանի հավաքականի ամենազգայունը դա պաշտպանության գիծն է։
Հայ ֆուտբոլիստները տեխնիկապես լավ պատրաստված են։ Խաղը կարողանում են լավ կարդալ, սակայն նրանք այդ դիմակայությունում պարտավոր են ներդնել իրենց մաքսիմալ կարողություններն ու աշխատել առավելագույն ինտենսիվությամբ։
Մեզ Հայաստանում շատ լավ են ընդունել։ Մարզչական շտաբին շատ լավ են հյուրընկալել բոլորը՝ անձնակազմը, ֆուտբոլիստները։ Իհարկե, մարզչի համար շատ կարևոր է, որ ֆուտբոլիստների պատկերացումները համընկնում են իր գաղափարների հետ:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր առաջնահերթություններից մեկը տիտղոսներ նվաճելն է, բայց ամենից զատ, ակումբի նպատակն է զարգացնել իր ֆուտբոլիստների որակները։ Ակումբն ունի երկրորդ թիմ, որը հանդես է գալիս Առաջին Խմբում և նպատակ ունի պատրաստել ֆուտբոլիստներ հիմնական կազմի համար։ Պատճառը նաև առաջնության անցկացման կանոնակարգն է, որը պարտադրում է մեկնարկային կազմում ունենալ նվազագույնը երեք հայ ֆուտբոլիստ։ Պետք է ասել, որ այդ ֆուտբոլիստներն իրապես որակապես շատ լավն են»,- Տուլիպայի խոսքն է մեջբերում «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը` հղում անելով Desporto Ao Minuto-ին։




























































