«Չելսիի» նախկին կիսապաշտպան, ներկայումս բրազիլական «Սան Պաուլուի» ֆուտբոլիստ Օսկարը նոյեմբերի 11-ին հոսպիտալացվել է սրտային լուրջ միջադեպից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել ակումբի մարզումային կենտրոնում՝ նախամրցաշրջանային բժշկական զննումների ընթացքում։
Ըստ բրազիլական լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել հեծանիվի մարզական սթրես թեստի ժամանակ, երբ Օսկարի մոտ նկատվել է սրտաբանական փոփոխություններ և ֆուտբոլիստը կորցրել գիտակցությունը։ Ակումբի բժիշկներն արագ արձագանքել են, և ֆուտբոլիստը շտապ տեղափոխվել է Ալբերտ Էյնշտեյն հիվանդանոց, որտեղ նրա վիճակը գնահատվել է կլինիկապես կայուն։ Ներկայում նա անցնում է մանրակրկիտ հետազոտություններ՝ ներառյալ ՄՌՏ և սրտի կաթետերիզացիա։
Նշվում է, որ Օսկարի մոտ սրտային խնդիրներ էին հայտնաբերվել դեռևս այս տարվա օգոստոսին՝ ողնաշարի վնասվածքից հետո կատարված հետազոտությունների ընթացքում։ Թեև բժիշկների վերահսկողության ներքո նրան թույլատրվել էր շարունակել մարզումները, ֆուտբոլիստը երկար ժամանակ չի հրապարակել առողջական խնդիրը։
Բրազիլական աղբյուրների տեղեկացմամբ՝ Օսկարի պրոֆեսիոնալ կարիերայի դադարեցման հավանականությունը կազմում է շուրջ 99 տոկոս, ինչը պայմանավորված է թե՛ բժշկական, թե՛ ընտանեկան գործոններով։ Ֆուտբոլիստը, ով 2017-ին «Չելսիից» Չինաստան տեղափոխվելիս (60 մլն ֆունտ ստերլինգ տրանսֆեր) կուտակել է զգալի կարողություն՝ ավելի քան 1 միլիարդ բրազիլական ռեալ, այժմ չունի տնտեսական անհրաժեշտություն։
«Սան Պաուլու» ակումբը և Օսկարը մոտ օրերին նախատեսում են փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը, որը գործում է մինչև 2027 թվականը։
Հիշեցնենք, որ Օսկարը «Չելսիի» կազմում անցկացրել է հինգ մրցաշրջան՝ նվաճելով Պրեմիեր լիգայի և Եվրոպա լիգայի գավաթները, ինչպես նաև եղել է Բրազիլիայի հավաքականի առանցքային անդամ։




























































