«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին անցել է լրացուցիչ բժշկական հետազոտություն իր վնասվածքի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է AS-ը, ձախ ոտքի ազդրի երկգլխանի մկանի պատռվածքը ավելի լուրջ է, քան նախապես էր ենթադրվում, ուստի վերականգնումը կտևի առնվազն վեց շաբաթ։
Այսպիսով, 22-ամյա իսպանացին բաց կթողնի ոչ միայն մինչև միջազգային դադարից առաջ կայանալիք հանդիպումները, այլև մի քանի հաջորդ խաղեր՝ «Էլչեի», «Բրյուգեի», «Սելտայի», «Ատլետիկի», «Չելսիի», «Ալավեսի», «Ատլետիկոյի» և «Բետիսի» դեմ։
Ընդհանուր առմամբ նա բաց կթողնի ութ հանդիպում։ Բացի այդ, նա չի ընդգրկվի Իսպանիայի հավաքականի կազմում՝ Վրաստանի և Թուրքիայի դեմ խաղերի համար։
Լավագույն դեպքում Պեդրին կարող է վերադառնալ խաղադաշտ՝ մինչև դեկտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղը։



























































