Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը սոցցանցում կատարած հրապարակման միջոցով հրապարակավ ներողություն է խնդրել Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1) փոխարինման ժամանակ ցուցաբերած բուռն զայրույթի և դժգոհության համար։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր մադրիդցիներից՝ «Էլ Կլասիկոյում» փոխարինման ժամանակ իմ արձագանքի համար։ Այսօր մարզման ժամանակ ես ներողություն խնդրեցի թիմակիցներիցս, ակումբից և նախագահից։ Երբեմն կիրքն հաղթում է ինձ, քանի որ միշտ ցանկանում եմ հաղթել և օգնել իմ թիմին։
Իմ մրցակցային բնույթը բխում է այս ակումբի և այն ամենի հանդեպ տածած սիրուց։ Ես խոստանում եմ շարունակել պայքարել յուրաքանչյուր վայրկյան՝ «Ռեալ Մադրիդի» բարօրության համար, ինչպես արել եմ ակումբում իմ առաջին օրվանից ի վեր», — գրել է Վինիսիուսը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։




























































