«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» հեռուստատեսությունը ճնշում է գործադրում մրցավարների վրա՝ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի թիմերի միջև կայանալիք դիմակայության նախօրեին։
Հիշեցնենք, որ «սերուցքայինների» հեռուստատեսությունը տեսանյութեր է թողարկում, որոնցում քննարկվում են մրցավարների այն սխալները, որոնք թույլ են տրվել ոչ հօգուտ մադրիդյան թիմի։
«Եկեք նախապատրաստվենք հիանալի խաղի համար։ Մենք բոլորս համոզված ենք, որ մեր թիմը մեզ շատ կուրախացնի։ Մեր մրցակիցը ֆուտբոլային դաշտից դուրս լարված մթնոլորտ է ստեղծել մրցավարության շուրջ։
Նրանց հեռուստատեսության գործունեությունը ազդում է մրցավարների վրա. հաղթելու նման ռազմավարություն գոյություն չպետք է ունենա։ Նրանք չեն կարող ասել, որ մրցավարները վնասում են իրենց կամ նախապատվություն են տալիս «Բարսային»։ Մենք մեզ զոհի տեղ չենք դնում և կփորձենք նորից հաղթել «Բեռնաբեուում»»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Marca-ն։





















































