Լիբիայի ֆուտբոլի ֆեդերացիան շտապ քննություն է սկսել դարպասապահի կոպիտ սխալի պատճառով, որն ազդել է ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի Կաբո Վերդեի դեմ խաղի ելքի վրա, հայտնում է BSNSports.com.ng-ը։ Հոկտեմբերի 8-ին կայացած հանդիպումն ավարտվել է դրամատիկ 3:3 ոչ-ոքի հաշվով։
Դարպասապահ Մուրատ ալ-Վուհիշիի թույլ տված սխալը ցնցել է թիմի երկրպագուներին ու ղեկավարությանը։ Ալ-Վուհիշին, ով հանդես է գալիս Բենգազիի «Ալ-Ահլիում» և Լիբիայի հավաքականում անցկացրել է 21 հանդիպում, 76-րդ րոպեին գոլ է բաց թողել, որը շատերն անբացատրելի են համարում։
Խաղի ընթացքում Լիբիան առջևում էր 3:1 հաշվով։ Սակայն 76-րդ րոպեին Կաբո Վերդեի հավաքականի խաղացող Սիդնի Կաբրալը գրեթե կենտրոնական գծից կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել, երբ 28-ամյա Ալ-Վուհիշին բաց է թողել գնդակը ոտքերի արանքով։
Այս սխալը ոչ միայն թանկարժեք միավորներ է արժեցել Լիբիային, այլև փոխել է խաղի ընթացքը, որն ի սկզբանե թվում էր թիմի ամբողջական վերահսկողության տակ։


























































