«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն Instagram-ի story բաժնում տեղադրել է լուսանկար, որում երևում է, թե ինչպես է նա բժշկական զննում անցնում ատամնաբուժական կենտրոնում:
Հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 11-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 2:0 հաշվով առավելության է հասել «Ախմատի» նկատմամբ։ 25-ամյա Սպերցյանը խաղը սկսել է հիմնական կազմում, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ և փոխարինվել 89-րդ րոպեին։ 85-րդ րոպեին Նդոնգը ուսով հարվածել է Սպերցյանի ծնոտին, ինչի հետևանքով սենեգալցի խաղացողը հեռացվել է խաղադաշտից, իսկ Սպերցյանը ստացել է դեղին քարտ՝ սադրանքի համար։
Հանդիպումից հետո Նդոնգը մեղադրել է Սպերցյանին ռասիստական արտահայտություններ օգտագործելու մեջ։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հերքել է մեղադրանքները՝ ընդգծելով, որ պատրաստ է պաշտպանել իր պատիվը։
Հոկտեմբերի 5-ին «Матч ТВ»-ի հետ զրույցում մեկնաբան Դմիտրի Գուբերնիևը նշել է, որ ռասիզմի մեղադրանքների հաստատման դեպքում Սպերցյանը պետք է խստորեն պատժվի։
Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության Կարգապահական կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցը «Спорт-Экспресс»-ին հայտնել է, որ միջադեպը կքննարկվի կոմիտեի առաջիկա նիստում՝ առանց Սպերցյանի ներկայության։





























































