«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատմել է, որ կարիերայի սկզբում իր կինը՝ Քոլինը, փրկել է իրեն ալկոհոլային կախվածությունից։
«Ես երկու օր անընդմեջ խմում էի, մարզումների էի գալիս և շաբաթավերջին երկու գոլ էի խփում։ Հետո նորից երկու օր խմում էի։ Երբ 17 տարեկան էի, կինս՝ Քոլինը, հասկացավ, որ ես մի փոքր խելագար եմ։ Ես սիրում էի ֆուտբոլը և երեկույթները։ Նա շատ վաղ նկատեց դա և օգնեց ինձ զսպել իմ վատ սովորությունները։ Նա հարցնում էր. «Ի՞նչ ես անում»։
Կարծում եմ՝ առանց նրա ես մեռած կլինեի։ Նա ամեն ինչ անում էր, որ ես դառնամ լավագույն ֆուտբոլիստը և այն մարդը, որը կարող եմ լինել։ Դա կարող էր նյարդայնացնող լինել, բայց նա ինձ ճիշտ ուղու վրա է պահել 20 տարի շարունակ»,- ասել է Ռունին Ռիո Ֆերդինանդի փոդքասթում։
39-ամյա Ռունին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2004-ից 2017 թվականներին։ Նա մանկունիանցիների հետ հինգ անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, ինչպես նաև մեկական անգամ Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան։




























































