«Բարսելոնայի» տեխնիկական հովանավորը՝ ամերիկյան հայտնի Nike ընկերությունը, դժգոհ է այն փաստից, որ «կապտանռնագույնները» դեռևս չեն կարողացել իրենց նոր համազգեստը ներկայացնել ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական խաղերում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լա լիգան արգելել է «Բարսելոնային» օգտագործել նոր մրցաշրջանի համար նախատեսված երեք հիմնական համազգեստներից որևէ մեկը «Մալյորկայի» և «Լևանտեի» դեմ խաղերում՝ մրցակիցների տնային մարզաշապիկներին չափազանց նման լինելու պատճառով։ Այդ պատճառով կատալոնական ակումբը ստիպված է եղել խաղադաշտ դուրս գալ 2024/25 մրցաշրջանի պահեստային մարզաշապիկներով։
Նշվում է, որ ապրանքանիշը շատ զայրացած է ստեղծված իրավիճակից, սակայն Nike-ի ներկայացուցիչները հասկանում են, որ մեղավոր կողմը ակումբը չէ։ Ակնկալվում է, որ «կապտանռնագույնները» նոր տնային համազգեստով հանդես կգան «Ռայո Վալեկանոյի» հետ արտագնա խաղում։ Հաղորդվում է, որ կատալոնացիներն արդեն ստացել են Լա լիգայի թույլտվությունը։

























































