ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» արտագնա խաղում կհանդիպի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։
Խաղին ընդառաջ «Օլիմպիայի» գլխավոր մարզիչ Էրվին վան դե Լոյը խոսել է «Նոայի» մասին և ընդգծել թիմի պատրաստվածությունը:
«Մենք լավ ուսումնասիրել ենք մրցակցին: «Նոան» որակյալ թիմ է, որը այս տարի արժանապատվորեն հանդես եկավ նաև Եվրոպայում: Չնայած նրան, որ դուրս մնացին ջիբրալթարական թիմից, նրանք ավելի ուժեղ էին, պարզապես չկարողացան գոլ խփել: Մյուս կողմից, մենք ևս շատ լավ որակ ունենք, այդ պատճառով էլ սպասում եմ հավասար խաղի։
Էներգիան պետք է գտնենք մեր ներսում, յուրաքանչյուր խաղացող՝ ինքն իր մեջ: Վերջին խաղում վերջին րոպեներին զգացինք հոգնածություն, սակայն այս անգամ ավելի շատ ժամանակ ունեցանք հանգստի համար: Այն փաստը, որ սա մեծ խաղ է ակումբի և ողջ սլովենական ֆուտբոլի համար, մեզ լրացուցիչ ուժ կտա, վստահ եմ դրանում»,- մասնագետի խոսքն է մեջբերում սլովենական ակումբի պաշտոնական կայքը։
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22։00-ին է։




























































