Պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիքսը կդառնա սաուդյան «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ՝ կնքելով պայմանագիր մինչև 2027 թվականի հունիս: Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էր-Ռիյադի ակումբը, որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, պայմանավորվածություն է ձեռք բերել «Չելսիի» հետ՝ 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ: Գործարքի հիմնական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո, սակայն բոնուսների և հետագա վերավաճառքից եկող տոկոսի հաշվին այն կարող է հասնել մինչև 50 միլիոն եվրո:
Ֆելիքսը «Ալ-Նասրի» հետ կնքելու է երկու տարվա պայմանագիր: 2024/25 մրցաշրջանի երկրորդ կեսը նա անցկացրել է վարձավճարով «Միլանում», որի կազմում Ա Սերիայում մասնակցել է 15 հանդիպման և խփել է 2 գոլ:

























































