Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների օգնական մրցավարի (VAR) լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։
Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը հետ է մղում հարվածը, որպեսզի հարձակվող թիմը չկարողանա օգտվել վերահարվածի հնարավորությունից։
VAR-ի կանոնների փոփոխությունները քննարկվել են ֆուտբոլի բարձրագույն մակարդակներում, սակայն դրանք պետք է հաստատվեն IFAB-ի 2026 թվականի մարտին կայանալիք տարեկան ժողովում։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունիսի 1-ից՝ մինչև ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկը։




























































