ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 13-ին, հայտնել է FOX հեռուստաընկերության լրագրող Էդվարդ Լոուրենսը սոցիալական ցանցերում։
Ըստ նրա՝ Թրամփը նաև հայտարարել է, որ անձամբ կհանձնի մրցանակը հաղթող թիմին։ Այս տարվա մարտին Սպիտակ տանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Թրամփին հրավիրել էր մասնակցելու եզրափակիչին։
Ակումբային աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում։ Երեքշաբթի օրը բրազիլական «Ֆլումինենսեն» կիսաեզրափակիչում կմրցի անգլիական «Չելսիի» դեմ, իսկ հուլիսի 9-ին երկրորդ կիսաեզրափակիչում կհանդիպեն ՊՍԺ-ն և «Ռեալը»։ Եզրափակիչը կկայանա Նյու Ջերսիի մարզադաշտում։




























































