«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը մի քանի տոննա սննդամթերք է գնել, այդ թվում՝ թարմ միս, իր հարազատ Նագրիգ գյուղի բնակիչներին օգնելու համար: Այս մասին հայտնում է Egypt Independent-ը:
Ֆուտբոլիստի հոր խոսքով, գյուղում նաև ախտահանում է իրականացվել, մարդկանց բժշկական դիմակներ են բաժանվել, իսկ անձամբ 27-ամյա ֆուտբոլիստը բնակիչներին կոչ է արել խուսափել մարդկային մեծ կուտակումներից ու պահպանել սանիտարական նորմերը:
Ապրիլի 18-ի դրությամբ Եգիպտոսում կորոնավիրուսով վարակման 2844 դեպք է գրանցվել, նրանցից 205-ը մահացել են, 646-ը՝ ապաքինվել:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում 40 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: