Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Արգենտինայի հավաքականից կրած ցավալի պարտությունից (2:3) հետո Եգիպտոսի ազգային ընտրանու հարձակվող Մոստաֆա Զիկոն խիստ քննադատության է ենթարկել հանդիպման գլխավոր մրցավար, ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեին։
«Մրցավարը խորտակեց մի ամբողջ ազգի երազանք։ Նա թիրախավորել էր մեզ, քանի որ մենք չպետք է հաղթեինք Արգենտինային։ Թող նա Աստծո առաջ պատասխան տա»,- Զիկոյի խոսքերն է մեջբերում ElCapitan-ը։
Նշենք, որ հանդիպման 58-րդ րոպեին տեսակրկնությունների VAR համակարգի միջամտությունից հետո Զիկոյի խփած գոլը չեղարկվել էր, իսկ խաղավերջում մրցավարը չէր նշանակել 11-մետրանոց հարված՝ Մոհամեդ Սալահի նկատմամբ կանոնների հնարավոր խախտման դրվագում, ինչն էլ մեծ դժգոհությունների տեղիք էր տվել եգիպտոսցիների ճամբարում։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան կմրցի Շվեյցարիայի հավաքականի հետ։ Մունդիալը, որն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, կեզրափակվի հուլիսի 19-ին:
























































