ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի Արգենտինա — Եգիպտոս հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն հիանալի է վարել հանդիպումը, և նրա, ինչպես նաև տեսակրկնությունների համակարգի (VAR) աշխատանքի վերաբերյալ որևէ դժգոհություն չկա։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պիեռլուիջի Կոլինան։ Նա մանրամասն վերլուծել է երկու վիճահարույց դրվագ, որոնք ամենաշատ քննարկումներն էին առաջացրել. Մարվան Ատիայի խախտումը Եգիպտոսի չեղարկված գոլից առաջ և արգենտինացիների տուգանային հրապարակում Խուլիան Ալվարեսի ու Մոհամեդ Սալահի միջև պայքարը։
Ըստ Կոլինայի՝ Ատիան ակնհայտորեն տրորել է Լիսանդրո Մարտինեսի ոտքը։ Նա ընդգծել է, որ VAR համակարգը չի գնահատում խախտման և դարպասի գրավման միջև ընկած ժամանակահատվածը կամ դարպասից ունեցած հեռավորությունը. համակարգը դիտարկում է գրոհի զարգացման ամբողջական փուլը։
«Մոհամեդ Սալահի և Խուլիան Ալվարեսի մասնակցությամբ դրվագը գլխավոր մրցավարն ու VAR համակարգի պատասխանատուները դիտարկել են որպես նորմալ ֆուտբոլային կոնտակտ»,- Կոլինայի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Իտալացի անվանի նախկին մրցավարը խոստովանել է, որ ցանկացած մեկնաբանության միշտ այս կամ այն կերպ ուղեկցում է մարդկային գործոնը, սակայն ընդգծել է, որ ինքը որևէ պահանջ կամ դժգոհություն չունի աշխարհի ընթացիկ առաջնությունում աշխատող մրցավարների գործողություններից։
Հիշեցնենք, որ Արգենտինա — Եգիպտոս դրամատիկ և լարված հանդիպման արդյունքում հարավամերիկացիները կամային հաղթանակ էին տարել 3-2 հաշվով՝ նվաճելով մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։























































