«Ինտերի» լեգենդար պաշտպան Ջուզեպե Բերգոմին խոսել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի մասին։
«Դիբալան գերազանց ֆուտբոլիստ է, բայց նա չեմպիոն չէ։ Հարցն այն է՝ կհասցնի՞ նա «Յուվենտուսի» այս թիմի հետ, որտեղ կա Կրիշտիանու Ռոնալդու, որը մնացած բոլորի լիդերն է։ Չեմպիոնը նա է, ով կասկածներ չի հարուցում ո՛չ ակումբում, ո՛չ հավաքականում։ Պաուլոն այդպիսի խաղացող չէ»,- Բերգոմիի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում «Յուվեի» կազմում Դիբալան դարձել է 13 գոլի ու 12 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Արգենտինացին թուրինյան ակումբում հանդես է գալիս 2015 թվականից։