«Արսենալի» ֆուտբոլիստները չեն ընդունել ակումբի հակաճգնաժամային ծրագիրը, որը ցանկանում են ներդնել կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արսենալի» ղեկավարությունը ֆուտբոլիստներին առաջարկել է հրաժարվել 12,5% աշխատավարձից՝ տարվա կտրվածքով, եթե թիմը մրցաշրջանի արդյունքներով չհայտնվի եվրագավաթներում: Եվրոպա լիգա դուրս գալու դեպքում այդ կրճատումը 7,5% կկազմի: Եթե «Արսենալը» կարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգա, ապա ֆուտբոլիստները կստանան իրենց ամբողջական աշխատավարձերը:
Առաջարկը փոխանցել են Հեկտոր Բելյերինին, որը թիմի ներկայացուցիչն է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների Ասոցիացիայում: Սակայն լոնդոնայան ակումբի ֆուտբոլիստները կտրականապես մերժել են այս առաջարկը, քանի որ կարծում են՝ եվրագավաթներում չհայտնվելու դեպքում արդեն իսկ մեծ գումարներ կկորցնեն այն բանից, որ իրենց աշխատավարձը էականորեն կախված է պարգևավճարներից:
28 տուրից հետո «Արսենալը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 40 միավոր: