«Լիվերպուլի» հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Քենի Դալգլիշը դուրս է գրվել հիվանդանոցից: Ապրիլի 10-ին հայտնի էր դարձել, որ 69-ամյա շոտլանդացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
«Հիվանդանոցի աշխատակազմը հիանալի կատարեց իր աշխատանքը: Մեր բախտը բերել է, որ այդպիսի բժիշկներ ու բուժքույրեր ունենք: Նրանցից յուրաքանչյուրին ամենալավն եմ մաղթում, նրանք քրտնաջան աշխատում են, որ օգնեն մեզ հաղթահարել սա:
Մարդիկ հասկանում են, որ իմ անունն ինչ-որ բանի վրա ազդել է, բայց հիվանդանոցի յուրաքանչյուր պացիենտ միանման օգնություն է ստանում»,- Դալգլիշի խոսքերն է փոխանցում Metro-ն:
Քենին 1977-ից 1990 թվականներին է հանդես եկել «Լիվերպուլի» կազմում: Որպես գլխավոր մարզիչ՝ նա «Լիվերպուլում» աշխատել է 1985-ից 1991 և 2011-ից 2012 թվականներին:
Շոտլանդացի մասնագետի գլխավորությամբ մերսիսայդցիները 3 անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն (1985/1986, 1987/1988, 1989/1990 մրցաշրջաններում):