Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել երկրում անկախ ֆուտբոլային կարգավորիչի ստեղծման ծրագրերից՝ չնայած ՈւԵՖԱ-ի հնարավոր պատժամիջոցներին:
«Չեմ կարծում, որ կանոնների հետ որևէ խնդիր կա, քանի որ մենք խոսում ենք իսկապես անկախ կարգավորիչի մասին։ Մենք հաղորդակցվում ենք ՈւԵՖԱ-ի հետ, և վստահ եմ, որ լուծում կգտնվի», — մեջբերում է Սթարմերի խոսքերը The Times-ը:
Այս տարվա մարտին Մեծ Բրիտանիայի կառավարությունը ներկայացրել էր օրենքի նախագիծ նոր վերահսկիչ մարմնի վերաբերյալ, որը պետք է խոչընդոտեր հարուստ ակումբների՝ չճանաչված լիգաներին միանալուն և պաշտպաներ ակումբները ֆինանսական խարդախություններից։
Սեպտեմբերին ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը նամակ էր հղել Մեծ Բրիտանիայի մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի նախարար Լիզա Նենդիին՝ նշելով, որ «կառավարությունը չպետք է միջամտի ֆուտբոլի զարգացմանը»։
Թեոդորիդիսի խոսքով՝ ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն՝ պետության միջամտության պատճառով Անգլիան կարող է բացառվել կազմակերպությունից, ինչը կհանգեցնի բրիտանական թիմերի հեռացման ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից, ներառյալ եվրագավաթներն ու Եվրոպայի առաջնությունը։
























































