«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ ակումբը պետք է վերակառուցվի, որպեսզի կրկին հասնի ամենաբարձր մակարդակին Անգլիայում և Եվրոպայում: Ռոնալդուի խոսքերով՝ այսօր «Կարմիր սատանաները» կարող են հավակնել միայն մեկ գավաթի։
«Գիտեք, «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վերակառուցվի ամենաներքևից: Եթե դա չարվի, ուրեմն անհնար կլինի մրցակցել։ Այո, նրանք այս պահին կարող են հաղթել միայն Լիգայի գավաթը։ Բայց նրանք պետք է ձգտեն այնպիսի մրցաշարերում հաղթանակի, ինչպիսիք են Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան: Ես կցանկանայի սխալվել, ես կցանկանայի տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ», որը հաղթում է այս մրցաշարերից մեկում, բայց դա հիմա դժվար կլինի»,- ասել է Ռոնալդուն Ռիո Ֆերդինանդի հետ փոդքաստում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում հանդես է գալիս Եվրոպա լիգայում։ Ընդհանուր փուլում Էրիկ տեն Հագի սաները կհանդիպեն «Պորտուի», «Տվենտեի», ՊԱՕԿ-ի, «Ֆեներբախչեի, Պլզենի «Վիկտորիայի», «Բոդյո-Գլիմտի», «Ռեյնջերսի» և «Ստյաուայի» հետ։ Անգլիայի առաջնության 3-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը։
























































