«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի իրավունքները պատկանում են «Արսենալին», ասել է, որ ինքը վայելում է խաղը հռոմեացիների մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ղեկավարությամբ:
«Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի ոճից, բայց այստեղ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք լավագույն ֆուտբոլը և կարծում եմ, որ դա ինձ հարմար է:
Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք խաղում ենք շատ հարձակողական ոճով՝ փորձելով անընդհատ պահել գնդակը առջևում, և, իհարկե, ինձ դուր է գալիս ֆուտբոլի այս ոճը:
Ես կմնա՞մ Հռոմում: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մրցաշրջանը դադարեցված է, մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ և ինչ կլինի ամռանը: Ֆուտբոլն արագորեն փոխվում է: Սկզբում դուք մեկ թիմում եք, իսկ որոշ ժամանակ անց`արդեն մյուսում: Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում»,- մեջբերում է Մխիթարյանին The Times-ը:
Հիշեցնենք, որ Football Italia-ն, հղում կատարելով La Gazetta dello Sport-ին, տեղեկացնում է, որ իտալական ակումբը ցանկանում է գնել Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերը Լոնդոնի «Արսենալից»։