Ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը 2020 թվականի ամռանը կհեռանա «Ռեալից»: Ակումբը պատրաստ է անվճար բաց թողնել Բեյլին, չնայած նրան, որ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերջնականապես համոզվել է, որ Բեյլին չի տեսնում թիմի կազմում, և ակումբին կխնդրի ազատվել խաղացողից: Մադրիդցիների ղեկավարությունը ևս չի ցանկանում ուելսցուն, որը հազվադեպ է խաղում հիմնական կազմում, տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ վճարել և պատրաստ է խզել նրա հետ պայմանագիրը, եթե նույնիսկ չստացվի տրանսֆերի շուրջ համաձայնության գալ մեկ այլ ակումբի հետ:
Բացի դա, Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո, Բեյլը սահմանափակման մեջ կմտնի. Լա Լիգան հայտացուցակում ոչ ավելի քան 3 խաղացող է թույլատրում ընդգրկել ոչ ԵՄ-ից:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում, որը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով, Բեյլը «Ռեալի» կազմում 14 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլի հեղինակ: