Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի նախաձեռնությամբ կազմակերպած արդեն ավանդական դարձած ուսումնամարզական հավաքն այս տարի անցկացվել է Ծաղկաձորում և Աղվերանում։ Այս անգամ հավաքի մասնակիցների թիվը ռեկորդային էր։ 5-15 տարեկան մարզիկների հետ հավաքին մասնակցում էին նաև շատ ծնողներ։
«Արդեն 10-րդ տարին է, ինչ կազմակերպում ենք ուսումնամարզական հավաքներ, որի նպատակը մեկն է՝ մարզիկներին հավաքել մի տեղ, որտեղ կանցկացնենք մարզումներ, կլինեն շփումներ մարզիկների, մարզիչների ու ծնողների միջև։ Քանի որ միշտ գտնվում ենք ակտիվ մարզումային գործընթացի մեջ, դժվար է լինում շատ շփվել երեխաների ու ծնողների հետ, սակայն մեզ համար շատ կարևոր է ծնող-մարզիկ-մարզիչ կապը»,- նշում է Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ղեկավարող խորհրդի անդամ, աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը։
https://scontent.fevn12-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/429660997_18040774777670842_8360177687229252472_n.jpg?_nc_cat=107&ccb=1-7&_nc_sid=3635dc&_nc_ohc=eiN5RMykNhUAX-Tvm0m&_nc_ht=scontent.fevn12-1.fna&oh=00_AfApfPgsRPn1rGhBBlwZaPlIWUV-845WsdA7VQP-bDKG8g&oe=65E48676
Գործող մարզիկի ու մարզիչի խոսքով՝ ուսումնամարզական հավաքներն ուժեղացնում են մարզիկի ֆիզիկական ու մտավոր կարողությունները, ինչպես նաև ընդլայնում են գիտելիքները ընտրված մարզաձևի վերաբերյալ։
«Հավաքների ընթացքում համատեղում ենք սպորտը, ժամանցն ու հանգիստը։ Սա նաև լավ հնարավորություն է նոր գիտելիքների և փորձի փոխանակման, մարզիչների հետ կապի զարգացման, հաղորդակցության, ընկերական շրջապատում ճիշտ դրսևորման, հոգատարության և հարգանքի ձևավորման համար։ Մարզիկները դառնում են նաև ավելի ինքնուրույն, կարգապահ և պատասխանատու: Ձմեռային հավաքների ընթացքում մանրամասն զբաղվում ենք պատանի կարատեիստների ֆիզիկական ու տեխնիկական վարժությունների զարգացմամբ, նաև բացօթյա մարզումներ ենք անցկացնում, կազմակերպում ենք այլ միջոցառումներ, ինտելեկտուալ ու զարգացնող խաղեր, որոնք օգնում են նաև մտավոր զարգացմանը, տրվում են նաև գիտելիքներ կարատե մարտարվեստից։ Ընդհանուր առմամբ, 300 մարզիկ ու ծնող մասնակցեց այս հավաքին»,- ասում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Նարեկ Իսկանդարյանը։
Այս տարի նախատեսված են նաև մի շարք հավաքներ՝ 15 տարեկանից բարձր կարատեիստների համար։