«Չելսիի» նախկին կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոն, որը ներկայումս հանդես է գալիս «Լորիենում», խոսել է սպորտային քաղաքացիության դժվար ընտրության մասին, որին բախվել է 2017 թվականին։ Հիշեցնենք, որ կենտրոնական կիսապաշտպանը կարող էր հանդես գալ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Կոտ դ’Իվուարի հավաքականում:
«Չեք պատկերացնում, թե որքան դժվար է ընտրություն կատարելը, երբ ունես երկքաղաքացիություն: Այն պահից, երբ Դիդյե Դեշամը զանգահարեց ինձ և հրավիրեց ինձ խաղալ Ֆրանսիայի հավաքականում, մինչև այն պահը, երբ համաձայնեցի, ես երկու օր հաց չկերա։ Ինչ-որ բան սեղմում էր կոկորդս։
Ես հավատում էի, որ հաճախ եմ խաղալու, բայց Ֆրանսիայում շատ որակյալ խաղացողներ կան։ Սպասում ես, աշխատում ու ընդունում, որ չես խաղալու։ Այո, ես ավելի մոտ էի Կոտ դ’Իվուարում խաղալուն, բայց Ֆրանսիան միշտ եղել է իմ գլխավոր երազանքը։
Եթե ինձ հիմա առաջարկեին Կոտ դ’Իվուարի հավաքականում խաղալու հնարավորություն, ես չէի հրաժարվի դրանից, չնայած մի փոքր կզգայի, որ դավաճանել եմ երազանքիս։ Բայց ես արդեն այլ տարիքում եմ, և չեմ ասում «ոչ» կամ «այո», — Բակայոկոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։