ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն թիմակիցներին տեղեկացրել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիական գրանդից հեռանալու իր որոշման մասին։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
Ըստ աղբյուրի՝ Մբապեի հանդիպումը թիմակիցների հետ տեղի է ունեցել այսօր առավոտյան ՊՍԺ-ի մարզաբազայում։ 25-ամյա հարձակվողի թիմակիցների արձագանքը նրա հեռանալու մասին լուրերին չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 15-ին, հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն էր տարածել այն մասին, որ Մբապեն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիին տեղեկացրել է, որ առաջիկա ամռանը, երբ ավարտվի աշխատանքային պայմանագրի ժամկետը, կլքի ակումբը։