Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին անդրադարձել է 2022 թվականին Կատարում կայացած ԱԱ-2022-ի եզրափակչում իր ելույթի թեմային, որտեղ Արգենտինայի հետ խաղի ավելացված ժամանակի վերջին րոպեին ֆրանսիացիների հարձակվողը, մեն-մենակ մնալով դարպասապահի դեմ, չկարողացավ գրավել վերջինիս դարպասը։
«Ես միշտ կմնամ այն տղան, որն ԱԱ-ի եզրափակչում չօգտագործեց դարպասապահի հետ մեն-մենակ մնալու հնարավորությունը: Սա ինձ հետ կմնա ամբողջ կյանքում: Նույնիսկ երբ իմ կարիերան ավարտվի, մարդիկ դեռ կխոսեն ինձ հետ այդ մասին: Իհարկե, ես դեռ վատ եմ զգում»,- Կոլո Մուանիի խոսքերն է մեջբերում Onze Mundial-ը:
Հիշեցնենք, որ Կոլո Մուանին չկարողացավ օգտագործել իր գոլային հնարավորությունը, երբ հանդիպման հաշիվը 3:3 էր: Արդյունքում Արգենտինայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց 4։2 հաշվով ու նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։