Նախագահական նստավաjրում այսօր պարգևատրվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2023 թվականի մրցույթի հաղթողները։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, վարչապետի Աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունjանը, կառավարության անդամներ և Ազգային ժողովի պատգամավորներ:
«Միջոցառման ընթացում տարվա ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում հայ մարզիկների ռեկորդային հաջողություններն ու ձեռքբերումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով առաջիկայում սպորտի բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվելիք ներդրումների նոր մարզադպրոցների կառուցման ծրագրերին: Վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ կառավարությունը հետամուտ է սպորտի զարգացման ռազմավարության լիարժեք առաջմղմանը:
Միջոցառման ավարտին կայացել է 2023 թվականի տասը լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը: Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված մրցույթի հաղթողներ են դարձել ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Արման Անդրեասյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը, ծանրորդներ Վարազդատ Լալայանն ու Գոռ Սահակյանը:
Տարվա 10 լավագույն մարզիկները կստանան 5 մլն դրամ մրցանակ»,- ասված է հաղորդագրության մեջ։