Սաուդյան «Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter) հրապարակել է Սուրբ Ծննդյան լուսանկարներ երեք ամսական դստեր՝ Մևիի հետ։ Երեխայի մայրը բրազիլացի մոդել Բրունա Բյանկարդին է։
«Մեր արքայադստեր առաջին Սուրբ Ծնունդը»,- գրել է ֆուտբոլիստը գրառման տակ։
Նշենք, որ նոյեմբերի վերջին բրազիլացի մոդելը հայտարարեց «Ալ-Հիլալի» խաղացողից բաժանվելու մասին։ Նեյմարն ու Բյանկարդին սկսել են հանդիպել 2021 թվականին, բայց իրենց հարաբերությունները հանրայնացրել են 2022 թվականի հունվարին։
Հիշեցնենք, որ 31-ամյա բրազիլացին ու նրա նախկին ընկերուհի Կարոլինա Դանտասը որդի ունեն՝ Դավի Լուկան։
Նեյմարը «Ալ-Հիլալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այս մրցաշրջանում բրազիլացին Սաուդյան Արաբիայի առաջնությունում մասնակցել է երեք հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Հոկտեմբերին խաղացողը լուրջ վնասվածք ստացավ, որի պատճառով բաց կթողնի մոտ 10 ամիս։