«Բարսելոնայում» բոլորն արդեն հստակ գիտեն, թե ով պետք է դառնա «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկիրը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտայից, սպորտային տնօրեն Դեկուից և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկից հետո իրենց 19-ամյա աստղին՝ Լամին Յամալին, հրապարակավ իր աջակցությունն է հայտնել նաև սպորտային հարցերով փոխնախագահ Ռաֆա Յուստեն։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ կատալոնացիների 10 համարը բավականին ինքնավստահ հայտարարություն էր արել մրցանակի վերաբերյալ.
«Աշխարհում լավագույնը երկուսն են՝ ես ու Մբապեն, դա գիտեն բոլորը, ովքեր դիտում են հանդիպումները։ Այս տարի, հաշվի առնելով իմ նվաճումները, մրցանակին արժանի եմ ես»։
«Ռասինգի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ Ռաֆա Յուստեն մեկնաբանել է Յամալի այս խոսքերն ու հիմնավորել, թե ինչու է երիտասարդ վինգերն արժանի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
«Ինձ համար նա ոչ միայն համաշխարհային ֆուտբոլում հանդիպման ելքը վճռող ամենակարևոր խաղացողն է, այլև իսկական շոու է նվիրում ամբողջ աշխարհին։ Նա խաղի ճակատագիր վճռող ֆուտբոլիստ է՝ էլ չեմ խոսում այն տիտղոսների մասին, որոնք նա արդեն հասցրել է նվաճել իր պատկառելի երիտասարդ տարիքում։ Եվ ես դա ասում եմ միանգամայն անկեղծ», — նշել է Յուստեն։
Փոխնախագահը նաև ընդգծել է, որ հիացած է ֆուտբոլիստի համարձակությամբ և բնավորությամբ.
«Ինձ շատ դուր է գալիս, որ նա նման հայտարարություն է արել։ Դա վկայում է ինքն իր հանդեպ հավատարմության և այն ամենի մասին, ինչ նա տալիս է աշխարհին, իսկ տալիս է նա անհավանական շատ բան։ Կրկնում եմ՝ նա ընդամենը 19 տարեկան է, և նա հստակ գիտի, որ արժանի է այդ մրցանակին։ Սա շատ բան է ասում նրա բնավորության մասին, որն այս տարիքի համար չափազանց ուժեղ ու արտահայտված է», — եզրափակել է ակումբի ղեկավարներից մեկը։
Անդրադառնալով նաև թիմի առաջիկա հանդիպումներին՝ Յուստեն հույս է հայտնել, որ «Բարսելոնան» կշարունակի արդյունքների իր տպավորիչ շարքը՝ ընդգծելով, որ թիմը պետք է շարժվի առաջ քայլ առ քայլ՝ պահպանելով համեստությունն ու առավելագույն նվիրումը խաղադաշտում։


























































