«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը խոսել է լոնդոնյան ակումբի նախկին մարզիչ, իսրայելցի Աբրահամ Գրանտի մասին։
«Իմ կարծիքով՝ նա մարզիչ չէր: Նա գաղափար չուներ, թե կոնկրետ ինչ պետք է անել։ Նա հիմնականում մոտիվացիոն պատմություններ էր պատմում Մայքլ Ջորդանի մասին, ինչպես նաև այն կրակի մասին, որը պետք է վառվի մեր ներսում կամ որևէ այլ տեղ։
Բայց դա նրա մոտ ստացվեց։ Նա մեզ հասցրեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»,- ասել է Օբի Միկելը YouTube-ի իր փոդքաստում։
Հիշենք, որ Աբրահամ Գրանտը գլխավորել է «Չելսին» 2007-ից 2008 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին» (1:1, 11-մետրանոցներով՝ 5:6): Մինչ այդ մասնագետն աշխատել էր միայն Իսրայելի հավաքականի և իսրայելական ակումբների հետ։