«Բենֆիկան» մտադիր չէ բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսապաշտպան Ժոաու Նավեշի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալական ակումբում տեղյակ են «կարմիր սատանաների» կողմից իրենց կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանում չեն պատրաստվում անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ բանակցել։
Նշվում է, որ «արծիվների» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը պարունակում է նույն կետը, ինչ ուներ արգենտինացի Էնցո Ֆերնանդեսը մեկ տարի առաջ․ հրաժարագին՝ 120 մլն եվրո։ Հիշեցնենք, որ նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆերնանդեսն այս գումարով տեղափոխվեց «Չելսի»։
Այս մրցաշրջանում Նևեշը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30։