«Էվերթոնի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար թիմին 10 միավորից զրկելու վերաբերյալ։
«Էվերթոն» ֆուտբոլային ակումբը և՛ ցնցված է, և՛ հիասթափված Պրեմիեր լիգայի հանձնաժողովի որոշումից: Ակումբը կարծում է, որ Հանձնաժողովը բոլորովին անհամաչափ և անարդար սպորտային պատժամիջոց է կիրառել։ Ակումբն արդեն հայտարարել է այս որոշումը բողոքարկելու մտադրության մասին։ Այժմ կսկսվի բողոքարկման գործընթացը, և գործը կքննի բողոքարկման խորհուրդը:
«Էվերթոնը» ասում է, որ բաց և թափանցիկ է եղել Պրեմիեր լիգային տեղեկատվություն տրամադրելու հարցում և միշտ հարգել է գործընթացի ամբողջականությունը: Ակումբը չի ընդունում այն եզրակացությունը, որ գործել է անբարեխիղճ: Պատժամիջոցի խստությունը ներկայացված ապացույցների ոչ արդարացի, ոչ էլ ողջամիտ արտացոլումն է:
Ակումբը նաև մեծ հետաքրքրությամբ կհետևի Պրեմիեր լիգայում ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված ցանկացած այլ հարցերի վերաբերյալ կայացված որոշումներին: «Էվերթոնը» չի կարող այլ կերպ մեկնաբանել այս հարցը, քանի դեռ բողոքարկման գործընթացը չի ավարտվել»,- հայտնում է բրիտանական ակումբի պաշտոնական կայքը։