Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Ուրուգվայի հավաքականի խաղացող Մատիաս Օլիվերայի գլխից բռնած դրվագը։ Մեսսին հասկացրել է, որ ուրուգվայցի ֆուտբոլիստն անհարգալից վերաբերմունք է դրսևորել մեծերի նկատմամբ, ինչի պատճառով էլ ծագել է կոնֆլիկտը։
«Ես նախընտրում եմ ասել այն ամենը, ինչ մտածում եմ: Բայց այս երիտասարդները պետք է սովորեն հարգել մեծերին»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի խաղում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել էր Ուրուգվայի ընտրանուն։ Հանդիպումը կայացավ Բուենոս Այրեսում՝ «Բոմբոներա» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստների միջև բախում է տեղի ունեցել, որին ակտիվ մասնակցություն է ունեցել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Նա նախ հրեց, ապա բռնեց ուրուգվայցի պաշտպան Մատիաս Օլիվերայի կոկորդից։