Հայաստանի ազգային հավաքականի ավագ և պաշտպան Վարազդատ Հարոյանը լրագրողների հետ զրույցում կիսվել է Ուելսի հետ կայանալիք առաջիկա խաղից ունեցած սպասելիքներով:
«Բոլորս էլ գիտենք, որ խմբից դուրս գալու մեծ շանսեր ունենք: Գիտեք՝ ինչ մրցակիցներ են մեզ սպասվում: Նախ լրջորեն նախապատրաստվում ենք առաջին խաղին, որի նշանակությունը լավ ենք հասկանում: Լատվիայի հետ խաղից հետո բախտը մեզ ժպտացել է և մեզ նորից շանս է ընձեռնվել: Առաջին խաղից հետո, եթե Աստված տա հաղթենք, կունենանք մեծ եզրափակիչ՝ այսպես ասած կյանքի խաղ»,- ասել է Վարազդատ Հարոյանը:
Հարոյանի խոսքով՝ հավաքականում լավ մթնոլորտ է տիրում. «Բոլորն էլ լավ տրամադրությամբ են միացել հավաքականին, կարոտել էինք միմյանց: Լավ ենք տրամադրված՝ ամենաերիտասարդից մինչև ամենափորձառու խաղացողն էլ հասկանում է հանդիպման նշանակությունը: Բոլոր ուժերս կենտրոնացնելու ենք Ուելսի հետ առաջիկա խաղին: Առաջին խաղում շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, Աստված մեզ պարգևատրեց ու հաղթեցինք: Բայց, միևնույն է, Ուելսը շատ լուրջ մրցակից է: Նշանակություն չունի, որ առաջին խաղը հաղթել ենք մեծ առավելությամբ: Երևանում բոլորովին այլ խաղ է սպասվում: Տանն ենք խաղում, մեր մարզադաշտում, որտեղ ավելի լավ ենք մեզ զգում, բայց Ուելսն էլ ամենալուրջ մրցակիցներից է»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն, իսկ նոյեմբերի 20-ին կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կխաղա Խորվաթիայի ընտրանու հետ։