Հայաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է Երևանում անցկացված աշխարհի առաջնությունը:
Հայ մարզիկներն ընդհանուր առմամբ 10 մեդալ են նվաճել՝ 5 արծաթե և 5 բրոնզե:
«Ճիշտ է ոսկե մեդալ չկարողացանք նվաճել, բայց անկախությունից ի վեր սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանի մեծահասակների հավաքականը 10-ը մեդալ է նվաճում աշխարհի առաջնությունում: Հավատացնում եմ՝ սա գերազանց արդյունք է մեզ համար: Ոսկե մեդալին մի փոքր չհերիքեց: Կարծում եմ՝ մյուս տարի մեր երիտասարդները կարդարացնեն բոլորիս սպասելիքները:
Մեր մարզիկներին չհերիքեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, մի փոքր էլ կաշկանդում էր այն հանգամանքը, որ տանն են հանդես գալիս: Պատասխանատվությունը մեծ էր, լարվածություն կար: Հայաստանի հավաքականը երբեք մեծահասակների աշխարհի առաջնության եզրափակիչներում 5 մասնակից չէր ունեցել. սա աննախադեպ էր: Բոլոր երկրներն աշխարհի առաջնության կազմակերպվածությունը գնահատում են շատ բարձր»,- նշել է Վովիկ Խոջայանը: