«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը դարձել է Գերմանիայի հավաքականի նոր ավագը։
«Ես որոշեցի ավագի թևկապը տալ Գյունդողանին։ Ջոշուա Կիմմիխի հետ նրանք կառաջնորդեն թիմին։ Ես շատ ուրախ եմ, որ նրանք երկուսն էլ ստանձնեցին այս պարտավորությունները: Սա նրանց ավելի շատ էներգիա կտա»,- մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։
Նախկինում Գերմանիայի հավաքականի ավագը եղել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, որը նախորդ տարվանից վնասվածքի պատճառով չի խաղացել։
Գյունդողանն ազգային հավաքականի կազմում անցկացրած 67 խաղում խփել է 17 գոլ։ 32-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիից» «Բարսելոնա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
























































