Պորտուգալացի մրցավարը չեղարկել է 11 մետրանոցը օգնականի հետ հեռախոսով խոսելուց հետո։
Պորտուգալիայի առաջնության 4-րդ տուրում «Պորտուն» ընդունել էր «Արուկային»: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Երկրորդ խաղակեսին ավելացված 6-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Միգել Նոգեյրան 11 մետրանոց է նշանակել տանտերերի օգտին՝ հարձակվող Մեհդի Տարեմիի նկատմամբ խախտման համար։ Տեսաօգնականը մրցավարին առաջարկել է դիտել դրվագի կրկնությունը: Այդ պահին «Արուկան» առջևում էր 1։0 հաշվով։
Գլխավոր մրցավարը մոտեցել է մոնիտորին, սակայն չի կարողացել դիտել տեսանյութը՝ կապի համակարգում խափանման պատճառով։ Նա կապ է հաստատել տեսաօգնականի հետ՝ զանգահարելով նրան բջջային հեռախոսով։ Երկար խոսակցությունից հետո 11 մետրանոցը չեղարկվել է, իսկ Նոգեյրան թիմի մարզիչներին բացատրել է իր որոշումը։
Խաղի ժամանակին ավելացել է 22 րոպե։ 109-րդ րոպեին «Պորտուն» հավասարեցրել է հաշիվը։

Ավելի ուշ տանտերերը պահանջել են չեղյալ համարել հանդիպման արդյունքը։
««Պորտուն» բողոքարկել է լիգայի պատվիրակներին՝ պահանջելով չեղյալ համարել «Արուկայի» հետ հանդիպման արդյունքը։ Պահանջը կապված է մրցավարի գործողությունների հետ, որը չեղարկեց Մեհդի Տարեմիի նկատմամբ խախտման համար նշանակված 11 մետրանոցը հեռախոսազանգից հետո՝ առանց դրվագը դիտելու։
Միգել Նոգեյրայի գործողությունները հանդիսանում են խաղի կանոնների խախտում և մրցավարական սխալ, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ հանդիպման ելքի վրա»,- ասվում է Պորտուի հայտարարության մեջ։
























































